Հոլիվուդի Հայ Ավետարանական եկեղեցու միսիոներական այցը Սիսիան քաղաք և շրջակա գյուղեր։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով, ողջունում ենք բորոր ընթերցողներին ու համառոտ ներկայացնում մեր եկեղեցու Հայաստան այցի և ծառայության մանրամասները։
Առաջին հերթին, մեր գոհությունն ենք հայտնում Աստծուն այս հնարավորությունը ընձեռելու համար, նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը, Ամերիկայի Հայ Ավետարանական Միությանը և մեր Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցուն, իրենց օժանդակության ու համագործակցության համար։
Հուլիսի 2-ին 2023 թ. մեր եկեղեցուց, Վեր. Արա Մխիթարյանի հետ միասին հայաստան մեկնեցին նաև 5 երիտասարդներից կազված մի խումբ, որոնք պիտի մասնակցեին և իրենց ծառայությունը մատուցեին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու, Հանքավանում կազմակերպած ամառային ճամբարում։
Հայաստանի գեղատեսիլ վայրերը տեսնելը, մշակույթին ծանոթանալը, հայրենակիցների հետ հաղորդակցվելը և առկա խնդիրները տեսնելը, մեր երիտասարդների մեջ հայրենասիրության ու հայրենիքի մեջ ծառայելու մեծ ցանկություն ի հայտ բերեց։ Նրանք այնքան էին ոգևորված, որ ցանկանում էին ամեն րոպեն օգտագործել իրենց հասակակից քույրերի ու եղբայրների հետ հաղորդակցվելու և ճամբարի մանուկներին ծառայելու համար։ Հույս ունենք, որ եկող տարի, Աստված կամի, նրանց հետ միասին այլ երիտասարդներ էլ Հայաստան ծառայության կմեկնեն։
Հայաստան այցը, օրհնություն ու նորոգություն եղավ, թե՛ Վեր. Արայի և թե՛ երիտասարդների համար։ Տեսնլոով Սիսիանի եկեղեցու Վեր. Արմանի և ծառայողական խմբի մեծ, անձնվեր ծառայությունը այդ դժվար իրավիճակներում, ու եկեղեցու անդամների հավատքը՝ փորձությունների մեջ, Տիրոջ գործով ոգեշնչվեցինք և կանչ զգացինք, Սիսիանի մեր քույրերին և եղբայրներին զորակցելու և օգնելու համար։
Վեր. Արան, առիթ ունեցավ, Սիսիանի եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքի պատգամը տալու, և ծառայողական անձնակազմին ու տղամարդկանց խմբին Աստծո Խոսքը բաժնեկցելու և աղոթելու։ Վեր. Արմանի հետ միասին, վիրավոր և զոհված զինվորների ընտանիքներին էլ այցելեցին։ Ինչպես նաև Սիսիանի եկեղեցուց բանակ մեկնող զինվորներին ու սահման մեկնող պայմանագրայիններին՝ Աստծո Խոսքով քաջալերելու և աղոթքով ճանապարհելուն մասնակցեցին։
Վեր. Արան աահմանամերձ Շաղաթ գյուղ այցելեց, ու անձամբ տեսավ և ծանոթացավ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ու մեր Սիսիանի եկեղեցու իրականացվող ծառայություններին։ Լսելով Շաղաթի Գյուղապետի և Սիսիանի մշակույթի տան տնօրենի վկայությունները եկեղեցու ծառայությունների մասին, փառք ենք տալիս Աստծուն և աղոթում, որ առատապես օրհնի այդ մեծ և Աստվածահաճո գործը։
Վեր. Արան առիթ ունեցավ նաև Երևան Քաղաքի Հույսի Տուն եկեղեցին այցելել և կիրակնօրյա պաշտամունքի պատգամը բաժնեկցել ու կարիքավորների համար աղոթել։
Նաև մեր միության Հովվի՝ Վեր. Հովհաննես Հովսեփյանի հետ կարևոր մտքեր փոխանակվեցին, որպեսզի Սփյուռքի և Հայաստանի մեր եկեղեցիների հաղորդակցությունն ու միաբանությունն ամրապնդենք և իրար զորակցելով ու համագործակցելով, թե՛ Աստծուն և թե՛ հայրենիքին ծառայենք։
Պողոս առաքյալն ասում է. «Բարերարությունն ու բաժնեկցելը մի՛ մոռացեք, որովհետև Աստծուն այդպիսի պատարագներն են հաճելի» (Եբր 13.16)։
Մենք աղոթում ենք և կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր եկեղեցիներին, միաբանվելու ու միասնաբար Հայաստանի մեջ ծառայելու համար, հանուն մեր հայ ազգի փրկության և Աստծո փառքի։
Տեր Հիսուսն ասում է Իր հետևորդներին. «Թող ձեր լույսն այդպես փայլի մարդկանց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5.16)։
Շատ շնորհակալ եմ,
Թող Տերը լավ օր պարգևի և օրհնի բոլորիս
- Pastor Ara Mkhitaryan Վեր. Արա Մխիթարյան
Comments